Monday, February 21, 2011

Bulletstorm - դուք այսպիսի FPS դեռ չեք խաղացել:

Bulletstorm

Դուք դեռ այսպիսի բան չեք տեսել: Երբեք: Ոչ մի FPS-ում:
Հեղինակ՝ People Can Fly
Ժանրը՝ FPS
Թողարկումը՝ 2011 թ-ի փետրվարի 22
Ռեվյուի հեղինակը` Հայկօ  Օրիգինալ գրառումը` akumb.am
Bulletsorm-ը այն է, ինչ կդառնային 90-ականների ուրախ ու խենթ շութերները, եթե խաղերի հեղինակները հետո ամեն ինչ այդքա՜ն չլրջացնեին: Իսկական, զտարյուն, մաքրագույն շութեր, որտեղ ամեն ինչ նախատեսած է, որ խաղացողը ընտիր ժամանակ անցկացնի: Ոչ մի հուզիչ տեսարաններ, ոչ մի համաշխարհային դավադրություն, ոչ մի ճոռոմ երկխոսություններ. միայն մաքուր, իսկական, անգերազանցելի դրայվ:



Խաղի հեղինակը People Can Fly ստուդիան է, իսկ թողարկողը՝ EA-ը: People Can Fly ստուդիան հայտնի է որպես Painkiller խաղի ստեղծող. Painkiller-ը իր ժամանակի լավագույն շութերներից մեկն էր, իսկ եթե հարցը դիտարկենք զուտ շութերական մեխանիկայի տեսանկյունից, երևի լավագույնը: Bulletstorm-ը այդ կատարելությունը բարձրացում է խորանարդ աստիճան: Այս խաղում կարևորն այն չէ, թե ում ես ոչնչացնում, այլ այն, թե ինչպես ես ոչնչացնում: Ու հավատացեք, որ խաղի հեղինակները ամեն ինչ արել են, որ այդ «ինչպեսները» անթիվ-անհամար լինեն և մեկը մյուսից դիտարժան ու հետարքրքիր:






Գլխավոր հերոսը իր տրամադրության տակ ունի մեկը մյուսից ֆանտաստիկ ու ծիծաղելիության աստիճան հզոր զենքեր, էլեկտրական գերհզոր մտրակ, որի օգնությամբ կարելի է մոտ քաշել կամ օդ թռցնել թշնամիներին, ինչպես նաև կարողանում է ոտքի հարվածով բառացիորեն կործանելդիմացիններին (մենյուում՝ տասը մետրանոց թռիչքներ և այլն): Հակառակորդների բնաջնջման պրոցեսին մեծապես օգնում է նաև շրջակա միջավայրը՝ զանազան փշերի, էլեկտրականության, թույների, պայթուցիկների և բազմաթիվ այլ մահացու թակարդների միջոցով: Եվ այդ ամենը կարելի է գումարել, բազմապատկել, հազար ու մի կոմբոներ կազմել և այլն: Այս խաղում զվարճանքի սահմանը միայն ձեր սեփական երևակայությունն է:


Մեջբերում՝ խաղի ցուցադրությանը վերջերս մասնակցած լրագրողներից մեկի պրևյուից.
Թե ինչ էի ես անում Bulletstorm-ի առաջին 15 րոպեների ընթացքում.

  • Մտրակով կապեցի մի մարդու, քաշեցի մոտս ու քացով խփեցի դեմքին
  • Մտրակով կապեցի մի մարդու, քաշեցի առաջ, քացով թռցրեցի օդ ու օդում կտոր-կտոր արեցի չորս փողանի շոթգանով
  • Միանգամից 100 փամփուշտ կրակեցի սուպերլիցքավորված կարաբինից՝ իրար հետևից գոլորշիացնելով երեք մարդու
  • Մի հսկայական, կլոր ու նույն տեղում ցատկոտող ռումբ դրեցի հատակին, հետո մի 20 վայրկյան ֆուտբոլ խաղացի դրանով՝ հոդս ցնդեցնելով դրան կպնող ամեն ինչ
  • Իմ բետոնե թաքստոցի մի կտորը քացով տշեցի սենյակի մի ծայրից մյուս ծայրը՝ երկու մարդու բառացիորեն ծեփելով պատին
  • Մտրակով կապեցի մի մարդու՝ հենց օդում թռնող ուղղաթիռի մեջ, դուրս քաշեցի ու քանի դեռ սլանում էր դեպի գետին՝ կրակեցի դեմքին
  • Մտրակով կապեցի մի մարդու, շպրտեցի դեպի առաստաղ ու հետևից նռնակ ուղարկեցի՝ այդ մարդուն լղոզելով առաստաղով մեկ և արժանանալով «Գրաֆիտի» բոնուսին
  • Որսացի շղթայով կապված ռումբով դեպի ինձ վազող մի մարդու, քացով տշեցի իր դաշնակիցների խմբի մեջ ու պայթեցրեցի բոլորին ու ամեն ինչ
  • Օգտագործելով հենց այդ նույն շղթան՝ երկու կես արեցի երկու հոգու ու գլխատեցի երրորդին
  • Վերևում նշված հսկայական ցատկոտող ռումբը դրեցի մի տեղ, հետո հեռվում կանգնած մի մարդու մտրակով քաշեցի դրա վրա
  • Քացով տշեցի մի մարդու՝ ուղիղ էլեկտրական գեներատորի մեջ
  • Քացով տշեցի մի մարդու՝ ուղիղ պատին ցցված ցցերի վրա
  • Կրակեցի մի մարդու կոկորդին ու քացով ուղարկեցի դեպի պլազմային փոթորիկի կենտրոնը
  • Քացով տշեցի մի մարդու դեպի երկինք, հետո կրակեցի մեջքին ու թռցրեցի ուղիղ դինոզավրի բերանի մեջ: Դինոզավրը նրան կերավ, իսկ ես արժանացա «Նյամ-նյամ» բոնուսին
  • Իմ թիմակցի հետ համատեղ մտրակով կապեցինք մի մարդու, հետո թռցրեցինք օդ, քաշեցինք տարբեր ուղղություններով ու մեջտեղից ճղեցինք


Ամեն դեպքում՝ ոչ մի տեքստ և ոչ մի նկար չի կարող փոխանցել այն կատաղի դրայվը, որ կա այս խաղի մեջ: Իսկ այ վիդեոները՝ ուրիշ բան.
Պաշտոնական տրեյլերը

Bulletstorm-ը նման չէ ձեր խաղացած և ոչ մի խաղի: Դե, գուցե մի՜ քիչ. բայց այն, ինչ կատարվում է էկրանի վրա, ուղղակի անկրկնելի է: Պատկերացրեք Mortal Kombat-ի գերագույն դաժանությունը, գումարած՝ God of War-ի ազատ ոճի կռիվները, գումարած՝ Prince of Persia: Warrior Within-ի բաց ու ճյուղավորվող կոմբոների համակարգը: Իսկ հիմա այդ ամեն ինչը դարձրեք առաջին դեմքից խաղ ու ավելացրեք մի խուրձ ամենազարմանալի ու դրախտային զենքեր, որ նույնիսկ կարելի է գերլիցքավորել՝ մաքսիմում ապոկալիպսիս կազմակերպելու համար: Դու արագ ես, ճարպիկ, ուժեղ և առանց աչքդ թարթելու կարող ես ֆուտբոլ խաղալ քո հակառակորդներով:



Bulletstorm-ի սինգլփլեյերը, խաղը փորձած լրագրողների կարծիքով, վերջին մի քանի տարիների ամենաթարմ, ամենակրեատիվ ու, չվախենանք ասել, գրգռիչ երևույթներից է FPS-ների աշխարհում: Մուլտիփլեյերը նույնպես խոստանում է անկրկնելի երևույթ դառնալ: EA-ն արդեն հայտարարել է, որ ակնկալում է, որ խաղի վաճառքի ծավալները կանցնեն մեկ միլիոն օրինակը: Իսկ դա շատ լուրջ թիվ է:

Երևի արդեն ավելորդ է ասելը, որ Bulletstorm-ը լինելու է 2011-ի ամենակարևոր շութերներից մեկը: Ունիկալ գեյմփլեյ, գեղեցկագույն ու բազմազան աշխարհներ, հաճելի գրաֆիկա, վառ էֆեկտներ... Եթե ամփոփենք մի բառով, այդ բառը կլինի «շշմեցուցիչը»: Իսկ «շշմեցուցիչը», սիրելի բարեկամներ,շատ լավ բառ է:


No comments:

Post a Comment