Thursday, September 29, 2011

Windows 8, փորձնական տարբերակ


Windows 8-ում տեղ է գտել նոր Metro ինտերֆեյսը, որը ոչ մի ընդհանուր բան չունի նախկին Windows համակարգերի հետ և օպտիմիզացված է հատուկ սենսորային էկրանների համար: Այլ կերպ ասած՝ սա Windows է պլանշետների համար:



Microsoft ընկերությունը BUILD կոնֆերանսում ներկայացրեց Windows 8-ի հրապարակային փորձնական տարբերակը: Microsoft-ը որոշել է կրկնել Windows  7-ում հաջողությամբ պսակված սցենարը՝ հասարակությանը ներկայացնելով համակարգի նախափորձնական տարբերակը և այն  հասանելի դարձնելով բոլոր ցանկացողներին: Սակայն, ի տարբերություն Windows 7-ի նախնական տարբերակի՝ այս համակարգը պարբերական օգտագործման այդքան էլ պիտանի չէ. այն առայժմ շատ «հում» է:
Առաջին բանը, որ աչքի է զարնում, համակարգի Metro ինտերֆեյսն է: Հաջողությամբ հաստատվելով ընկերության սմարթֆոնային համակարգերում՝ այն գրեթե առանց փոփոխությունների տեղափոխվել է սեղանի համակարգչի այս ՕՀ-ի մեջ: Այս պլանում Microsoft-ը գործում է շուկայի պահանջներին լրիվ համապատասխան. սմարթֆոնային, սեղանի համակարգչի և պլանշետային  օպերացիոն համակարգերի ձուլումը մեկ ընդհանուր համակարգի մեջ արդեն իսկ հնարավոր է: Ավելին՝ Windows 8-ի կրած փոփոխություններն անհամեմատ ավելի լուրջ ու խորքային են, քան նրա հիմնական մրցակից համարվող՝  Mac OS X 10.7 Lion-ինը:


Windows 8-ի փորձարկումն իրականացրել ենք VirtualBox վիրտուալ մեքենայի միջոցով:  Տեղադրման համար առանձնացված ռեսուրսները կարելի է անվանել համեստ. 1 գբ օպերատիվ հիշողություն, պրոցեսորի միջուկներից մեկը և 30 գբ՝ կոշտ սկավառակի վրա (անհրաժեշտ է ոչ պակաս, քան 16 գբ): Տեղադրված և բոլոր թարմացումներն արված համակարգը կոշտ սկավառակի վրա զբաղեցնում է մոտ 8 Գբ հիշողություն:
Տեղադրման գործընթացը քիչ բանով է տարբերվում Windows 7-ում կիրառվողից: Բացի սև ֆոնի վրա Windows Developer Preview գրվածքից՝ սկզբունքային փոփոխություններ չկան: Չնայած նույնիսկ այս փուլում արդեն կարելի է տեսնել էլեմենտներ՝ վերցված Metro ինտերֆեյսից, ինչպես օրինակ՝ բեռնման պտտվող ինդիկատորը:
Փոխվել է նախնական բեռնավորման (Booting) ինտերֆեյսը: Եթե համակարգչի վրա մի քանի ՕՀ է տեղադրված, դրանց միջև ընտրությունը կատարվում է աչքի համար ավելի հաճելի կապույտ ֆոնի վրա, մեծ շրիֆտով նշված ՕՀ-ների անվանումներով և կոշտ սկավառակի վրա դրանց գտնվելու ֆիզիկական տեղով:
Զգացողություն կա, որ Windows 8-ը մեկնարկում է նախորդներից արագ, սակայն, արդարության համար նշենք, որ վիրտուալ մեքենայով փորձարկելիս այս պարամետրի մասին խոսելը սխալ է: Չնայած, Microsoft-ում պնդում են, որ հիբերնացիայի կատարելագործված ռեժիմների և այլ փոփոխությունների շնորհիվ ՕՀ-ն մեկնարկում է նախորդից 30-40%-ով ավելի արագ:
Մեկնարկից հետո համակարգն առաջարկում է կարգավորել համակարգիչը: Միանգամից աչքի են ընկնում տեքստի մուտքագրման լայն դաշտերը և խոշոր «Next» կոճակը: Մի խոսքով՝ ամեն ինչ հարմարեցված է սենսորային էկրանով աշխատելու համար:
Բացի դրանից՝ Windows-ն առաջարկում է միանգամից համակարգ մտնել Windows Live ID-ի միջոցով: Windows Live կառավարման վահանակում Windows 8 ՕՀ-ն ընգրկված է «վստահելի համակարգիչների» ցուցակում, և դրա համար հասանելի են «ամպային ֆունկցիաները», Internet Explorer-ի սինքրոնիզացիան համակարգչի և Windows Phone 7 ՕՀ-ով սմարթֆոնի միջև:
Համակարգում օգտագործողի պրոֆիլը ստեղծվում է Windows Live ID պրոֆիլի հիման վրա:  Windows-ն օգտագործում է Windows Live օգտագործողի անունը, նկարը և օնլայն համակարգ մուտք գործելու գաղտնաբառը:
Metro ինտերֆեյսը, որ հայտնվում է ամենասկզբում, ունակ է զարմացնել անպատրաստ օգտագործողին: Վահանակների համակարգը, որոնց վրա անընդհատ թարմացվում են տեղեկությունները, թվում է ոչ այնքան ֆունկցիոնալ: Ավելի մեծ անակնկալ է սպասվում 768 պիքսելից ավելի փոքր էկրանի չափերով նեթբուքների տերերին, քանի որ այդ չափերի դեպքում Metro-ն չի մեկնարկի: Այս թերությունն, ամենայն հավանականությամբ, կլուծվի ՕՀ-ի հետագա տարբերակներում: Իսկ հիմա այս խնդիրը կարելի է լուծել՝ նեթբուքին միացնելով արտաքին՝ մեծ չափերի էկրան, իսկ համակարգը տեղադրելուց հետո՝ նորից անցնել նեթբուքի էկրանին, այս դեպքում Metro-ի ծրագրերը թեկուզ և անհարմար մեծ չափերի են, բայց մեկնարկում են:
Microsoft-ում պնդում են, որ Windows 8-ը ավելի քիչ սարքային ապահովման պահանջներ կունենա, քան Windows 7-ը: Շատ հավանական է, որ դա կվերաբերվի նաև էկրանի չափերին:
Win կոճակին սեղմելով կարելի է վերադարձնել ավանդական «աշխատանքային սեղանը»՝ արդեն սովորական դարձած պիկտոգրամներով: Սա ուղեկցվում է Windows 7-ից մեզ հայտնի Aero Flip 3D-ն հիշեցնող գեղեցիկ անիմացիայով:
Պարզեցված «Start» մենյուն կանչելու համար բավական է միայն մկնիկի կուրսորը  տեղափոխել նրա վրա կամ սեղմել  Win+C:  «Start» մենյուի հետ միաժամանակ ցուցադրվում են նաև  տեղեկություններ ամսաթվի, ժամի, նոութբուքի մարտկոցի լիցքավորման մասին: Իսկ ծրագրերը թաքցված են առանձին մենյուի տակ (նրանց կանչող կոճակը գտնվում է «Start» -ից աջ): Ի դեպ, Windows 8-ում task manager-ն արդեն «սովորել»  է ձգվել երկու պատուհանների վրա:
Թարմացվել են արագ հասանելիության կոճակների այլ դասավորություններ ևս: Այսպես. Win+Q-ի օգնությամբ բացվում է ծրագրերի որոնման, իսկ Win+F-ի օգնությամբ` ֆայլերի որոնման  պատուհանները, Win+O-ն  արգելափակում է էկրանի դիրքը, ինչը շատ ակտուալ է հատկապես դիրքի որոշման ինդիկատորով համալրված պլանշետների համար՝ չնայած այնքան էլ պարզ չէ, թե դրանք ինչպես են համադրվում ստեղնաշարի հետ:
Ղեկավարման վահանակն այստեղ առավել տարօրինակ է դարձել: Այն տեղին կլիներ միգուցե սմարթֆոնի կամ պլանշետի դեպքում, իսկ  սեղանի համակարգչի ՕՀ-ի վրա պարզապես «չի նայվում»: Տեղեկացումների կարգավորման կետն էլ ավելի է «սմարթֆոնացնում» Windows 8-ը:
Ներկառուցված մենյուն՝ Metro-ի վահանակների տեսքով, գտնվում է էկրանի աջ կողմում: Դրանք մկնիկով ձգելն անհարմար է, իսկ հորիզոնական տեղափոխումը «վիճակը փրկում է» միայն մասնակի: Մի խոսքով՝ գեղեցիկ է, սակայն չափազանց լակոնիկ:
Ի ուրախություն օգտագործողի՝ «ընդլայնված կարգավորումներ» կետի տակ պահված է ավանդական ղեկավարման վահանակը: Հնարավոր է, որ ներկայիս տեսքի պարզեցված վահանակը հարմար կլինի, եթե օգտագործողին հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել, թե կարգավորումների որ կետերը պետք է այնտեղ ներառվեն:

Վերադառնալով Metro UI-ի գլխավոր էկրանին՝ հնարավոր է կարգավորել որոշ էլեմենտների դասավորվածությունը, հեռացնել կամ տեղափոխել դրանք: Այս գործողություններից շատերը մկնիկի կուրսորով կատարելը հարմար չէ, տառացիորեն ամեն ինչ ակնարկում է սենսորային էկրանի անհրաժեշտության մասին: Ցանկացած  վահանակ կարելի է հեռացնել, փոքրացնել (եթե դրա հնարավորությունը կա), տեղադրել գլխավոր էկրանին կամ քաշել ցանկացած անկյուն, մնացած էլեմենտներն այս դեպքում կշարժվեն՝ տեղ բացելով:
Ինչ վերաբերվում է  Internet Explorer 10-ին , ապա Metro-ում  օգտագործվելու է (և արդեն հասանելի է) դիտարկչի առանձին տարբերակ: Սա  ակնհայտորեն կապված  է  այն բանի հետ, որ  Metro-ն և իր ծրագրերը աշխատելու են ոչ միայն x86, այլ նաև ARM պրոցեսորների հետ: ARM  պրոցեսորներով սարքերի վրա աշխատելու է բացառապես Metro IE 10-ը՝ առանց փլագինների, և լրացուցիչ կարգավորումների, հետևաբար նաև առանց Adobe Flash-ի օգնության:
Հայտնի է, որ  Apple–ը չի ապահովում Flash ծառայությունը iOS համակարգում և չի ողջունում դրանք MAC OS X-ում, ուստի Մայքրոսոֆթը գնում է նույն ճանապարհով՝ շեշտը դնելով HTML5-ի վրա, որի հենքի վրա էլ հնարավոր կլինի ստեղծել ծրագրեր, այդ թվում նաև Metro ինտերֆեյսի համար:  Ամենայն հավանականությամբ,  Flash ծառայության  ապահովում պետք չէ սպասել նաև Windows Phone 7-ում:
Internet Explorer Metro Edition դիտարկչի  վրա հասցեի տեղը գտնվում է էկրանի ներքևի մասում, իսկ բացված tab-երը վերևում՝ նախադիտման (preview) տեսքով: Ընդհանուր առմամբ՝ դիտարկչի ինտերֆեյսը հիշեցնում է Windows Phone 7-ի դիտարկչի միայն պետքական հատվածը՝ առանց որևէ ավելորդության: կայքերն ու  էջանշումները ամրացվում են դիտարկչի առաջնային էջի վրա՝ սքրինշոթ-պատուհանների տեսքով:

Metro IE10-ն աշխատում է ամբողջական էկրանի վրա, իսկ HTML5-ի հետ համատեղելիության թեստի արդյունքում ապահովում է 300 բալ 450-ից:
Windows 8-ի ներկայացված ծրագրերն ամենայն հավանականությամբ  նպատակ ունեն ցուցադրել պլանշետ օգտագործողներին, թե  ինչքան հարմարավետ է ինտեգրացիան և ինչ հնարավորություններ ունի այն: Գրեթե բոլոր ծրագրերն ու կազուալ խաղերը  պահանջում են ինտերնետի միացում:

Windows Store ծրագրերի «խանութ»-ը դեռ չի գործում, ինչի մասին ազնվորեն հայտարարում է, երբ փորձում ես մուտք գործել: Ամենայն հավանականությամբ, այն կգործի նույն սկզբունքով, ինչ Mac App Store-ը, այսինքն ծրագեր ձեռք բերելն ու թարմացնելը հնարավոր կլինի ինչպես հենց «խանութի», այնպես էլ առավել ավանդական միջոցներով:
Windows-ի հին ինտերֆեյսի փոփոխությունները գրեթե աննշմարելի են Metro-ի ֆոնի վրա, սակայն դրանք առկա են: Մասնավորապես Explorer-ն այժմ համալրված է Ribbon գործիքների վահանակով, ինչպես Office 2007-2011-ը: Արդյունքն, ինչ խոսք, գերազանցել է սպասելիքները: Քանի որ Ribbon-ի ֆունկցիոնալությունը կախված է կոնտեքստից, այսինքն՝ թղթապանակների պարունակությունից և հնարավորություններից, ապա համարյա ամեն քլիքի դեպքում դրա վրա փոփոխվում է կոճակների դասավորությունը: Ամենայն հավանականությամբ, նոր Explorer-ին սովորելու համար որոշակի ժամանակ կպահանջվի, իսկ նրանց համար, ում այնուամենայնիվ դուր չի գա այն, էնտուզիաստներն արդեն մշակել են սովորական դարձած տեսքին վերադառնալու տարբերակներ: Օգտակար նորամուծությունների թվին կարելի է դասել ֆայլերի արագ պատճենման ֆունկցիան, ֆայլերի պատճենման ու տեղափոխման ընթացքը ժամանակավորապես կանգնեցնելու հնարավորությունը:
Մեծ փոփոխությունների է ենթարկվել նաև Task Manager-ը: Այն  այժմ ավելի ֆունկցիոնալ է: Windows 8-ը թույլ է տալիս նաև անջատել ֆոնային ռեժիմում աշխատող ծրագրերը, ինչն օգնում է խնայել մարտկոցի էներգիան:
Երբեմն Metro-ի հավելվածները «կախում» են կամ սկսում օգտագործել չափից շատ օպերատիվ հիշողություն. հավանաբար, սա օպերացիոն համակարգի փորձնական տարբերակի թերությունն է: Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ դրանք լավ են աշխատում: Համակարգիչը միացնելուց հետո՝ բոլոր ծրագրերի միացումից հետո անգամ ՕՀ-ն օգտագործում է ընդամենը 400 մբ օպերատիվ հիշողություն, մինչդեռ Windows 7-ը շատ ավելի «ագահ» էր:
Մուտքի էկրանում հասանելի են հատուկ հնարավորություններ՝ էկրանային ստեղնաշար, խոշորացույց:
Էկրանային ստեղնաշարն այժմ «կարողանում է» ձգվել ամբողջ էկրանով մեկ և էկրանի երկու կողքերին: Սա շա հարմար է սենսորային էկրանների հետ աշխատանքի համար:
Այն օգտագործողները, ովքեր փորձարկել են Windows 8-ը սենսորային էկրանով նեթբուքների վրա, հաստատում են, որ նոր ստեղնաշարը շատ ավելի հարմար է, քան Windows 7-ի դեպքում էր:
Հետաքրքիր է, որ Metro-ում էջը պտտեցնելու հատվածը թափանցիկ է ու չի երևում:
Հետաքրքիր փաստ. առաջին փորձից գտնել անջատման կոճակը Windows 8-ում հեշտ չէ: Start մենյուն բերում է Metro ինտերֆեյսին, իսկ լրացուցիչ մենյուի հայտնվելու տրամաբանությունն այնքան էլ պարզ չէ: Իրականում ամեն ինչ հեշտ է՝ մենյուն կանչելու համար կարելի է օգտվել արագ կոճակներից կամ կարելի է անջատել համակարգիչը Lock էկրանից (այն հայտնվում է, երբ սեղմում ենք Ctrl+Alt+Del):
Ի՞նչ կարելի է ասել Windows 8-ի մասին՝ որպես ամփոփում: ՕՀ-ն անկասկած մշակվել է՝ առաջին հերթին հաշվի առնելով պլանշետների և սենսորային սարքերի տարածումը: Այն ժամանակ, երբ Apple-ում մեծացնում են iOS-ի հնարավորությունները և պատճենում դրա ֆունկցիաները OS X-ի վրա, իսկ Google-ն աշխատում է Android-ի նոր պլանշետային տարբերակի վրա, Microsoft-ում մշակում են համակարգ, որն ապագա ունի և՛ պլանշետների, և՛ սեղանի համակարգիչների վրա տեղադրվելու համար:
Ինչ էլ որ ասեն Microsoft-ում, ակնհայտ է, որ  Windows 8-ն առաջին հերթին օպերացիոն համակարգ է պլանշետային համակարգիչների համար և միայն երկրորդ հերթին՝ հրաշալի ստացված Windows 7-ի իրավահաջորդը: Շատ հավանական է, որ Windows-ը զուտ աշխատանքի համար օգտագործող և պրակտիկությունն ու մինիմալիզմը գնահատող օգտագործողներն անջատեն Metro ինտերֆեյսը (ռեեստրում այս ֆունկցիան նախատեսված է): Սակայն բացառված չէ, որ ժամանակի հետ Metro UI-ն կդառնա սովորական, և մենք կնայենք Explorer-ին այնպես, ինչպես հիմա սկսնակ օգտագործողները նայում են MS-DOS հրամանների տողին: Ամենահետաքրքիրն այն է, որ դա կլինի Windows` առանց պատուհանների:

Windows Dveloper Preview-ը կարող եք բեռնել այստեղից:
Աղբյուր` PCnews.am

No comments:

Post a Comment